ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Մենք Հայաստանինն ենք և Հայաստանը մերն է

Մենք Հայաստանինն ենք և Հայաստանը մերն է
11.04.2025 | 20:32

Արցախցիների հանրային-քաղաքական ակտիվությունից ՀՀ դեռեւս գործող իշխանությունը մեծ վախեր է ապրում,- ի՜նչ վախեր, ուղղակի սիրտը ահուդողի մեջ է, թեպետ էս իշխանությունը բնավ սիրտ չունի եւ զուրկ է ազգային նվազագույն գիտակցությունից:

Հայաստանի կառավարիչներն հիմա էնքան չեն վախենում թուրք թշնամիներից, որքան էստեղ ծվարած եւ իրենց գոյութենական խնդիրների մեջ խճճված արցախցիներից: Եվ էս ամենի մեջ ինչ-որ տրամաբանություն կա. արցախահայությանը լիովին դավաճանած կառավարությունը պետք է սպասի հակադարձումի ու դատի, սակայն անհայտ է, թե դա երբ եւ ինչպես պետք է տեղի ունենա:

Այժմ արցախցիներին առաջնահերթ հուզում Է, թե ինչպես փոքր-ինչ տանելի ձեւով գոյատեւության պայմաններ ունենան Հայաստանում՝ մինչեւ երանելի տունդարձը:

Արցախցիներն ուրիշ ճար չունեն՝ ուղղակի հարկադրված են իրենց իրավունքները պաշտպանել հնարավոր ու օրինական միջոցներով: Եվ դիմում են հանրային ու քաղաքական տարբեր ձեռնարկների:

Հայաստանում ձեւավորվող Արցախաշարժումը բացառապես ինքնապահպանական/ինքնապաշտպանական է՝ Վերադարձի հեռահար նպատակով: Բայց եւ էդ շարժումն ինքնաբերաբար միտված է ՀՀ ներքին զորացմանը՝ ազգային հենքի վրա եւ համահայկական օրակարգով: Արցախցիներն իրենց կարողություններով ու փորձառությամբ նպաստելու են հայաստանյան կյանքի վերանորոգությանն ու հասարակական-քաղաքական առողջ եւ ուժեղ համակարգի կայացմանը: Նրանք, իրոք, անգնահատելի դերակատարություն կարող են ունենալ էս պայքարում. արդեն 37 տարի արցախածին գլխավոր գործողությունները եղել են բացառապես հանուն Հայաստանի ու հայկականության: Էնպես որ, թող իրենց ականջներին օղ անեն բոլոր արցախամերժներն ու չարախնդացողները, մոտ ու հեռու ձեռնծալ դիտորդները. մենք հիմա էստեղ ենք՝ Հայաստանում, մեծամասնությամբ դեռեւս էստեղ ենք, եւ հայաստանաբնակ մեր մյուս նվիրյալ հայրենակիցների հետ կարելվույն կանենք, որ Հայաստանը վերածնվի ու զորանա՝ հանուն ողջ հայության:

Մենք կպայքարենք մինչեւ մեր հավաքական տունդարձը: Մենք Հայաստանինն ենք եւ Հայաստանը մերն է:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 22137

Մեկնաբանություններ